Իռլանդիայում կտուգանեն մարմնավաճառների ծառայություններից օգտվող տղամարդկանց

10:10 • 24.02.17

Իռլանդիայում մարմնավաճառների ծառայության համար վճարելն անօրինական է դարձել, հայտնում է Reuters գործակալությունը:


Երկիրը հետևել է Կանադայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի օրինակին՝ սահմանելով օրենք, որով նախատեսվում է պատժել տղամարդկանց, որոնք օգտվում են մարմնավաճառների ծառայությունից՝ միևնույն ժամանակ առանց քրեականացնելու այն կանանց գործունեությունը, որոնք ստիպված են աշխատել մարմնավաճառության ոլորտում:


Սեռական հանցագործությունների մասին նոր օրենքն ուղղված է սեքս-առևտրի դեմ պայքարին: Ոլորտի որոշ աշխատողներ վստահ են, որ նոր օրենքը կստիպի այդ ոլորտում ներգրավված կանանց է՛լ ավելի «ընդհատակ անցնել» և աշխատել ավելի վտանգավոր պայմաններում:


Օրենքի համաձայն, որն ուժի մեջ է մտել փետրվարի 22-ին, սեռական բնույթի ծառայության համար վճարած անձին սպառնում է 500 եվրոյի չափով տուգանք առաջին խախտման և 1.000 եվրո՝ կրկնվելու դեպքում:


Բացի այդ, կավատությամբ զբաղվելու համար սահմանվել է մինչև 5 տարվա ազատազրկում: