Հրվ. Կորեան կոչ է արել Հս. Կորեային խոստովանել, որ իրենք են սպանել Կիմ Չեն Նամին
Հարավային Կորեան կոչ է արել Հս. Կորեային խոստովանել, որ իրենք են սպանել Մալայզիայում հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբորը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ռեյնհապ» գործակալությանը:
«Հյուսիսային Կորեան լավ կանի խոստովանի սպանությունը և օգնի քննությանը»,- ասել է Կորեայի Հանրապետության ազգային միավորման հարցերով նախարարության ներկայացուցիչը:
Կիմ Չհոլ անունով անձնագրով ԿԺԴՀ-ի քաղաքացին մահացել է փետրվարի 13-ին Կուալա-Լումպուրի օդանավակայանում՝ ենթադրաբար երկու կասկածյալների հարձակման հետևանքով քիմիական նյութով թունավորումից հետո: Չնայած Մալայզիայի ոստիկանությունը դեռ չի ստացել մահացածի ինքնության հաստատման, ինչպես նաև նրա մահվան պատճառների մասին պաշտոնական տվյալներ, սկզբիցևեթ Հարավային Կորեան պնդել է, որ դա Կիմ Չեն Նամն է՝ Կիմ Չեն Ընի ավագ խորթ եղբայրը:
Իր հերթին՝ ԿԺԴՀ-ն մեղադրել է Սեուլին Փհենյանի դեմ դավադրություն կազմակերպելու համար:










