Թրամփը ցանկանում է ընդլայնել ԱՄՆ միջուկային զինանոցը

09:40 • 24.02.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ցանկանում է ընդլայնել երկրի միջուկային զինանոցը՝ նկատելով, որ ԱՄՆ-ն ունի իր հնարավորություններից շատ ավելի քիչ զենք:


Աղբյուրը նկատում է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփն առաջին անգամ է անդրադարձել ԱՄՆ միջուկային զինանոցին:


Հարցազրույցի ժամանակ ԱՄՆ 45-րդ նախագահն ընդգծել է, որ կցանկանար աշխարհն առանց միջուկային զենքի տեսնել:


«Ես առաջին մարդն եմ, որը կուզենար երկրներն առանց միջուկային զենքի տեսնել: Բայցևայնպես, մենք չենք պատրաստվում հետ մնալ որևէ երկրից՝ նույնիսկ եթե դա բարեկամական երկիր է: Մենք երբեք չենք կորցնի մեր միջուկային հզորությունը: Պարզապես հրաշալի կլիներ, եթե ոչ մի երկիր միջուկային զենք չունենար: Բայց եթե երկրները շարունակելու են պահել իրենց միջուկային զինանոցները, ապա մենք պատրաստվում ենք նրանց շարքում լինել առաջինը»,-ասել է Թրամփը:


Աղբյուրը մանրամասնում է, որ Ռուսաստանն ունի 7.000, իսկ ԱՄՆ-ն՝ 6.800 մարտագլխիկ: