Պետք է ամեն մի կրակոցին կրակոցով պատասխանենք․ Մանվել Եղիազարյան (տեսանյութ)
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, խոսելով վերջին օրերին Արցախի սահմաններում ստեղծված լարվածության մասին, նշեց, որ իրավիճակը կարելի է կապել ամեն ինչի հետ: Tert.am-ի հետ զրույցում նա չբացառեց, որ դա կարող է պայմանավորված լինել Խոջալուի դեպքերի հիշատակման հետ․ «Գուցե փորձում են ցույց տալ, որ Խոջալուն պատահականություն էր, որ իրենք մազապուրծ չեն փախել, քաջ են: Կարող է լինել Սումգայիթ, կարող է լինել նաև ուրիշ բան, որ Ադրբեջանը շարունակում է իր ձեռագիրը՝ անընդհատ կտցահարելով մեր սահմանները, մեր երեխաներին սպանելով, որ մենք մտածենք՝ Ադրբեջանը մեզնից ուժեղ է»,- ասաց նա:
Ըստ Մանվել Եղիազարյանի՝ սահմանում անընդհատ լարվածությունը կարող է պայմանավորված լինել Հայաստանի ներքաղաքական վիճակով, երբ մարդիկ ասում են, որ Արցախի յոթ շրջանները մեզ պետք չեն, մենք պետք է զիջենք: «Նրանց իրավացիությունը Ադրբեջանն ուզում է ապացուցել, որ արդեն Հայաստանում նման տրամադրություններ կան»,- նկատեց «Արաբոյի» հրամանատարը:
Նրա խոսքով՝ իրականում Ադրբեջանի քաղաքականության պատճառն այն է, որ մենք չենք կարողանում միասնական կազմակերպված պայքար մղել նրա դեմ: «Ժամանակն է ուշքի գալու, երբ մենք առավոտյան վեր կենանք, մեր խիղճը խոսա: Հասկանանք, որ ոչ մի աթոռ ազգերի, ժողովուրդների գինը չունի,- ասաց նա՝ հավելելով, որ մենք արդեն կորցնում ենք մեր երկիրը,- դրա համար մենք պետք է կուռ երկիր կառուցենք, կարողանանք հավաքվել: Թե ով է ճիշտ, ով է սխալ, էական նշանակությունը չունի: Հայաստանը պետք է դառնա այն երկիրը, որի մասին մենք երազում ենք: Այստեղ քաղաքացիները պետք է զգան ազատ և հպարտ: Այդ դեպքում մենք կունենանք կուռ սահմաններ»:
Մանվել Եղիազարյանի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավվածները տեսնում են, որ Ադրբեջանը ագրեսիվ է, իսկ Հայաստանը՝ պասիվ: «Իսկ եթե մարդը նահանջի տրամադրություն ունի, նրան նահանջի տեղ թողնում են: Մենք անընդհատ նահանջում ենք, իսկ Ադրբեջանը անընդհատ ագրեսիվանում է և աշխարհին, արցախյան հիմնախնդիրը լուծողներին ուզում է մատնացույց անել, որ տեսեք, ես պատերազմ կարող եմ հրահրել,ռեգիոնալ վիճակը դուրս կգա կանտրոլից, աշխարհ, դու հասկացիր, որ ես այլընտրանք չունեմ: Իհարկե, սա ամբողջությամբ ազդում է արցախյան հակամարտության բանակցությունների վրա»,- նկատեց նա:
Մանվել Եղիազարյանը վերհիշեց 1990-ականները, երբ «ծեծում էին ազերիներին», Հայաստանի համար բանակցությունները, ըստ նրա, այդ ժամանակ վարելը շատ հեշտ էր: «Հիմա Հայաստանը պետք է պատասխան տա այն ձևի, ինչպիսին Ադրբեջանն է ուզում: Պետք է ամեն մի կրակոցին կրակոցով պատասխանենք և ասենք, որ ուզած ժամանակ, երբ բանակցություններ են ընթանում, եթե Ադրբեջանը կրակի, բանակցությունները դադարեցնելու ենք, մենք էլ կրակենք»,- ասաց նա՝ հավելելով՝ այդպես աշխարհին կարող ենք հասկացնել, որ կրակոցով խնդիրը չի լուծվի:
Մանրամասները՝ տեսանյութում:










