Երևանում մեկնարկում է Նար-Դոսի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան

10:49 • 28.02.17

Սույն թվականի մարտի 1-ին` ժամը 13:00-ին, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նիստերի դահլիճում (ք. Երևան, Գրիգոր Լուսավորիչ 15), կմեկնարկի հայ մեծանուն գրող Նար-Դոսի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջանը:

Այս մասին հայտնում են ՀՀ գիտությունների ակադեմիայից։

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Կներկայացվեն 15 զեկուցումներ, որոնց միջոցով գրականագետները կվերլուծեն գրողի ստեղծագործությունները: Նստաշրջանն իր աշխատանքները կշարունակի նաև մարտի 2-ին:

Միջոցառման կազմակերպիչներն են` ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, Հայաստանի գրողների միությունը, Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնը:

Նար-Դոսը` Միքայել Զաքարի Հովհաննիսյանը, ծնվել է 1867թ-ի մարտի 1-ին` Թիֆլիսում: Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է 19-րդ դարի 1880-ական թվականներին: Սկզբում գրել է բանաստեղծություններ, ապա պատմվածքներ, ֆելիետոններ: Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում:

Նար-Դոսի առավել հայտնի ստեղծագործություններից են` «Սպանված աղավնին», «Մեր թաղը», «Աննա Սարոյան», «Վերջին մոհիկանը», «Իմ տիրուհու աղջիկը», «Պայքար», «Մահ», «Ես և Նա» և այլն: Նար-Դոսը մահացել է 1933թ-ին:

 

 

Երևանում մեկնարկում է Նար-Դոսի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան