Հանցագործության փաստը հիմնավորող ապացույց չկա. զինվորին հարվածելու գործով 2,6 տարով ազատազրկված լեյտենանտը վերաքննիչ բողոք է ներկայացրել (տեսանյութ)

19:52 • 01.03.17

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը լսեց  2 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված լեյտենանտ Արամ Աղայանի պաշտպան Արայիկ Պապիկյանի վերաքննիչ բողոքը, որով պաշտպանը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը՝ այն համարելով անհիմն:

Արայիկ Պապիկյանը, ներկայացնելով բողոքն, ասաց, որ դատական ակտում վկայակոչված հիմքերը, հետազոտված ապացույցները, ճիշտ եզրահանգման չեն հանգեցրել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանին, և դատարանը գործում առկա հանգամանքների սխալ հետազոտման և դրանց նկատմամբ ոչ օբյեկտիվ վերաբերմունքի հետևանքով կայացրել է ոչ ճիշտ դատական ակտ. «Հարգելի՛ դատարան, դատական ակտի ապացույցներին կանդրադառնամ, հիմնավորումով, թե ինչու է դատարանը սխալ եզրահանգման հանգել: Դատարանի համար, որպես ապացույցներ ներկայացված ծառայողական քննության նյութերը, որտեղ ժամանակագրական տվյալների միջև առկա է կոպիտ և բացահայտ խախտումներ, դրանք դատարանը համարել է վրիպակներ և նշել, որ դրանք չեն կարող ազդել ծառայողական քննության նյութերում առկա տեղեկատվության բովանդակության և հավաստիության վրա»,-ասաց պաշտպանը, հավելելով, որ մեղադրական եզրակացության հիմքում դրված են ծառայողական քննության տվյալները:

Պաշտպանն, ի թիվս այլ ապացույցների, ներկայացրեց նաև այն ապացույցը, որը դատարանը գնահատել է տուժողի տված ցուցմունքը, գործով տուժողը դատաքննության ժամանակ հայտնել է, որ Աղայանը փորձել է արթնացնել իրեն, սակայն ինքը չի արթնացել, առաջ է եկել և իր թևի ու Աղայանի ձեռքի միջև եղել է բախում:

«Տուժող Ռուդիկ Գրիգորյանը հետագայում քննիչներին պատմել է, թե ինքն ասել է, որ Աղայանն է հարվածել, որպեսզի քննիչները հեռանան: Իրենից բացատրություն վերցնողներին չի ասել, որ լավ չի զգացել և ի վիճակի չի եղել բացատրություն տալու, անգամ չի իմացել, թե ինչ է իրենից ենթադրում բացատրությունը: Տուժողը պատմել է, որ բերել են թուղթ, չեն ստիպել, ինքը մտածել է, որ պարտավոր է գրել և գրել է, չի իմացել, որ կարող էր նաև չգրել: Իրեն ոչ ոք չի նախազգուշացրել, որ կարող է գործ հարուցվել: Հուշել են, կազմել նախադասությունները»,-ասաց պաշտպանը և հավելեց, որ եթե առաջին ատյանի դատարանն օբյեկտիվ լիներ տուժողի ցուցմունքը արդարացման դատավճռի հիմք կդառնար, ոչ թե մեղադրական:

Արամ Աղայանը միացավ իր պաշտպանի բողոքին՝ այն է, բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և ներկայացրեց միջադեպը. «Տեսնում եմ, որ զինվորը քնած է փորձել եմ արթնացնել, նա վեր է թռել և ձեռքիս հատվածը դիպել է զինվորի քթին»:

Իր խոսքում, Արամ Աղայանն ասաց. «Գոյություն չունի հանցագործության փաստը հիմնավորող որևէ ապացույց, իսկ փաստական ապացույցների մասին գործում ընդհանրապես խոսք չկա: Չկա մի հանգամանք, որը իրավաբանորեն իմ դեմ օգտագործվի, այստեղ բացակայում է հանցագործության գոյության փաստը»:

Դատախազը պնդեց, որ բողոքն անհիմն է և պետք է մերժվի: Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց մարտի 23-ին:

Հիշեցնենք, որ Արամ Աղայանը դատապարտվել է 2 տարի 6 ամսվա ազատազրկման զինվոր Ռուդիկ Գրիգորյանին առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք պատճառելու համար:  

Առավել մանրամասն՝ տեսանյութում: