Բեռլինում Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

09:52 • 01.03.17

Բեռլինում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ գերմանական Die Welt պարբերականի թուրք թղթակից Դենիզ Յուջելի՝ Թուրքիայում կալանավորման հետ կապված զգուշացում ստանալու նպատակով:

Ինչպես հայտնում է թուրքական diken.com.tr կայքը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վալտեր Յոհաննես Լինդներն Այդընի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ Յուջելի կալանավորումը Գերմանիայի համար անընդունելի է և շեշտել է, որ այդ դեպքն է՛լ ավելի է բարդացնում առանց այդ էլ լարված թուրք-գերմանական հարաբերությունները: 

Նշենք, որ Die Welt-ի թուրք թղթակցին Թուրքիայում մեղադրում են ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու և ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու համար:

Հայտնի է, որ Գերմանիայի տարբեր քաղաքներում նախատեսվում է անցկացնել մի շարք բողոքի երթեր՝ հաջակցություն Յուջելի:

Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Յուջելի կալանավորման լուրն անվանել է ցավալի ու հիասթափեցնող, իսկ թուրքական դատարանի որոշումը՝ չափից դուրս կոշտ՝ հիշեցնելով, որ Յուջելն ինքնակամ էր ներկայացել ոստիկանություն:

Օրեր առաջ էլ Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հերթական անգամ պաշտոնական Անկարային հորդորել է ազատ արձակել Դենիզ Յուջելին։ Իսկ Բունդեսթագի 160 պատգամավորներ, իրենց հերթին, Բեռլինում Թուրքիայի դեսպանին կոչ են արել աջակցել Յուջելի ազատ արձակմանը։