Թուրքիայի վարչապետը նախընտրական հանրահավաքի ընթացքում ամուսնացրել է իր ընտրողներին

10:07 • 02.03.17

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Թոքատ նահանգում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ընթացքում հենց բեմի վրա մասնակցել է պսակադրության արարողության: 

Ինչպես գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ Յըլդըրըմը փնովել է սահմանադրական փոփոխություններին դեմ դուրս եկողներին, այնուհետև հիշեցրել է թոքատցիներին իշխող կուսակցության կառուցած կամուրջների, ասֆալտապատած ճանապարհների ու օդանավակայանների մասին։ Նա հայտաարել է, որ այդ ամենից օգտվող բոլոր քաղաքացիների պարտքն ապրիլի 16-ին սպասվելիք հանրաքվեին սահմանադրական փոփոխություններին ու կառավարման նախագահական համակարգին անցմանն «Այո» ասելն է: Դրանից հետո հարսի և փեսայի հանդերձանքով զույգը բարձրացել է բեմ, ինչից հետո վարչապետը հայտարարել է, որ հենց այդ պահին նրանք էլ «Այո» կասեն միմյանց, իսկ նրանց հարսանիքի վկան կլինի Թոքատի ամբողջ ժողովուրդը:

«Երիտասարդներ, մենք մինչև ապրիլի 16-ը չսպասենք, այդքան ժամանակ չունենք: Թոքատցիներ, իսկ դուք նրանց վկան կլինե՞ք: Ֆաթիհ, դու Գյոնուլին որպես կին ընդունո՞ւմ ես», - ասել է վարչապետը, ինչին ի պատասխան փեսան պատասխանել է. «Ձեր և թոքատցիների ներկայությամբ ասում եմ «Այո»: 

Ընդդիմադիր լրատվամիջոցները վարչապետի այս քայլն անվանել են շոու, իսկ իշխանություններին մեղադրել ոչ գրագետ ժողովրդի շրջանում քարոզչության ամենապրիմիտիվ հնարքներն օգտագործելու համար:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։