23 օր հացադուլի մեջ գտնվող «Հաց բերողը» արյունահոսություններ ունի ու չի թողնում չափել ճնշումը. փաստաբան

11:32 • 04.03.17


2016 թվականի հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ տարած Արթուր Սարգսյանը՝«Հաց բերողը»,  ով  Դատապարտյալների հիվանդանոցում» 23 օր հացադուլի մեջ է, ունի  բերանի խոռոչից արյունահոսություններ , սկսել են ուռել նրա ոտքերը: Արթուր Սարգսյանը, ի նշան բողոքի և նաև չվստահելով բժիշկներին, չի թողնում չափել իր ճնշումը:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արթուր Սարգսյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը, ով երեկ երեկոյան տեսակցել է իր պաշտպանյալին։ «Դա է բարդացնում վիճակը, նաև ձախ ոտքի ծունկն է ուռել, նախկինում միայն աջն էր: Արունահոսությունը կապված է իր էռոզիվ պուլպիտի և կերակրափողի ճաքի հետ»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանն, ով մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին ազատ էր արձակվել, սակայն քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման էր ենթարկվել և փետրվարի 9-ին կալանավորվել, իսկ փետրվարի 10-ին անժամկետ հացադուլ է հայտարարել, որը շարունակում է մինչ օրս։

Արթուր Սարգսյանն  ունի նաև Բեխտերևի հիվանդություն, որի բարդացած ընթացքը, ըստ իրավապաշտպանների, այն հիվանդությունների թվում է ,որոնք անհամատեղելի են կալանքը ՔԿՀ-ում կրելու հետ:

Գլխավոր դատախազության վերջին հայտարարությունների հիման վրա սոցիալական ցանցերում որոշ օգտատեր եզրակացրել էին, որ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել: Սակայն փաստաբանն ասաց, որ չգիտի՝ ինչից են նման եզրակացություն արել, որովհետև երեկ ինքը զանգահարել է Դատախազություն, որտեղից հայտնել են, որ իր պաշտպանյալի վերաբերյալ որևէ որոշում չկա: Նույնը, ի դեպ, Գլխավոր դատախազությունից հայտնել էին Tert.am –ին:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի փաստաբաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝  իրենց պաշտպանյալին  խոշտանգումների ենթարկելու հայցով: Պաշտպանն ասաց, որ «Հաց  բերողը» չի պատրաստվում  դադարեցնել հացադուլը: «Այսինքն՝ նա չի հրաժարվելու իր պահանջից»,- մեկնաբանեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու չի թողնում իր արյան ճնշումը չափեն, ապա Դավիթ Գյուրջյանն ասաց, որ մի կողմից քաղաքական ակցիա է, մյուս կողմից կա նաև բուժանձնակազմի նկատմամբ անվստահության խնդիր:

Նշենք, որ Արթուր Սարգսյանը հրաժարվում է նաև քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց: Իսկ պատճառը փաստաբանի ձևակերպմամբ՝  այն է, որ բժիշկները 20 օր հետո են «ֆայմել», որ կարելի է տեղափոխվել  քաղաքացիական հիվանդանոց: