Lևոն Տեր-Պետրոսյանը միշտ ունեցել է շատ յուրահատուկ քաղաքական քարոզչական ոճ. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ ունեցել է շատ յուրահատուկ քաղաքական քարոզչական ոճ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համամասնական ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցրած Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված, որ այսօր՝ քարոզարշավի մեկնարկին ներկա չէր Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Իննսունական թվականներից սկսած նրան միշտ մեղադրել են հազվագյուտ խոսելու, շատ քիչ հանրության հետ շփվելու, ընտրական տեխնոլոգիաների պարզագույն կանոնները խախտելու մեջ: Բանն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ունի իսկապես իր ոճը շփվելու ժողովրդի հետ, խոսում է անմիջապես ուղիղ ժողովրդի հետ և սովորաբար գտնում է ճանապարհը դեպի ժողովրդի բանականությունը և սիրտը»,-ասաց նա:
Լևոն Զուրաբյանը կոչ արեց՝ թույլ տալ առաջին նախագահը ինքը որոշի՝ երբ և ինչպես շփվել իր ժողովրդի հետ:
«Ես վստահ եմ, որ 1988 թվականից ի վեր ինքը ապացուցել է իր շնորհքը և կարողությունը ասելու բաներ, որ շատ ավելի լուրջ են ընդունվում ժողովրդի կողմից, քան որևէ այլ քաղաքական գործչի ասածը»,-ասաց նա:










