Ադրբեջանը հետևողականորեն խաթարում է Վիեննայի պայմանավորվածություններն ի կատար ածելու գործընթացը. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանը հետևողականորեն խաթարում ու տապալում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ի կատար ածելու գործընթացը, զուգահեռ ավելի է սրում իրավիճակը շփման գոտում:
Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը:
Վերջինս, հիշեցնենք, հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կասեցվել են: Մեղադրելով հայկական կողմին՝ Մամեդյարովն ասել էր, թե Հայաստանը չի գնում բանակցային ճանապարհով։
Այս առնչությամբ Տիգրան Բալայանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Բանակցությունների վերսկսման համար հարկավոր է ստեղծել համապատասխան պայմաններ, որոնց մասին կողմերը պայմանավորվել էին դեռևս Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթաժողովների ժամանակ: Ադրբեջանը հետևողականորեն խաթարում ու տապալում է այդ պայմանավորվածություններն ի կատար ածելու գործընթացը, զուգահեռ ավելի է սրում իրավիճակը շփման գոտում»:
Խոսքը շփման գծի երկայնքով հետաքննությունների մեխանիզմներ տեղակայելու մասին պայմանավորվածության և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին է, ինչը ենթադրում է դաշտային օգնականների թվի ավելացում:










