Ես էլ գամ Թաքսիմի մեջտեղը ելույթ ունենամ. Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչմանը կողմ արտահայտված պատգամավորը՝ Թուրքիայի իշխանություններին

10:58 • 07.03.17

Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներ ունեցող պատգամավոր Ջեմ Օզդեմիրը խոսել է թուրք-գերմանական հարաբերություններում վերջին լարվածության մասին:

Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը`Օզդեմիրը նշել է, որ եթե թուրք պաշտոնյաները ցանկանում են նախընտրական քարոզչություն իրականացնել Գերմանիայի թուրքական համայնքի շրջանում և դրա մերժումը որակում են նացիստական պահվածք, ապա իրենք էլ նույնկերպ կարող են պահանջել հանրահավաք անցկացնել Ստամբուլի կենտրոնում: 

«Եթե այդպես է, ես էլ գամ Թաքսիմի մեջտեղում հանրահավաք անեմ: Եթե Անկարան կապահովվի իմ անվտանգությունը` ես պատրաստ եմ: Շատ հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի պատասխանը», - ասել է Օզդեմիրը՝ շեշտելով, որ Թուրքիան պետք է հաշվի նստի Գերմանիայի իշխանությունների որոշումների հետ:

Օզդեմիրը նաև ընդգծել է, որ եթե Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծն ընդունվի, ապա երկիրը նման սահմանադրությամբ կվերածվի սուլթանության, Օզդեմիրը շեշտել է, որ Եվրոպան չպետք է լքի Թուրքիայի դեմոկրատներին:

Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները կրկին սրվել են նախորդ շաբաթ Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։

Լարվածության ֆոնին Գերմանիայում չեղարկվել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթն ու հանդիպումը թուրքական համայնքի հետ, ինչը կոշտ քննադատության է արժանացել Թուրքիայի ԱԳՆ-ի և նախագահ Էրդողանի կողմից:

Ես էլ գամ Թաքսիմի մեջտեղը ելույթ ունենամ. Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչմանը կողմ արտահայտված պատգամավորը՝ Թուրքիայի իշխանություններին