Իրանը կպահպանի ամերիկացիների մուտքի սահմանափակումները՝ ի պատասխան Թրամփի նոր հրամանագրի

16:11 • 07.03.17

Իրանի իշխանությունները մտադիր են պահպանել ամերիկացիների մուտքի սահմանափակումները՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանագրի, որը ժամանակավոր արգելք է սահմանում ԱՄՆ իրանցի քաղաքացիների ժամանման համար: Այդ մասին հայտնում է deccanchronicle.com կայքը:


«Ավելի վաղ Թրամփի նախորդ հրամանագրին ի պատասխան սահմանված միջոցառումները դեռևս ուժի մեջ են»,- հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանշին: «Անհրաժեշտություն չկա նոր որոշումներ կայացնելու»,- ասել է նա:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ՄԱԿ-ի Փախստականների իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին մտահոգված է փախստականների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հրամանագրի առնչությամբ:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 6-ին նոր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն 90 օրով դադարեցվում է առավելապես մահմեդական բնակչություն ունեցող երկրների` Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ: 


Ի տարբերություն նախորդ հրամանագրի` այժմ երկրների «սև ցուցակում» բացակայում է Իրաքը: Բացի այդ, ԱՄՆ-ում փախստականների ընդունելության ծրագիրը կդադարեցվի 120 օրով: Արդեն տրամադրված վիզաները կամ ԱՄՆ-ում ժամանակավոր կացության թույլտվությունը չի չեղարկվի. դրանց տերերին թույլ կտրվի մուտք գործել ԱՄՆ կամ մնալ երկրում` այնտեղ գտնվելու դեպքում:


Հրամանագիրն ուժի մեջ կմտնի մարտի 16-ին: