Ադրբեջանում թիրախավորված և համակարգված կիբեռարշավ է իրականացվում ակտիվիստների և լրագրողների դեմ. Amnesty International

14:39 • 10.03.17

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների համար պայքարողները, լրագրողները և այլախոհները համակարգչային նենգ արշավների զոհ են դառնում, որոնք ուղղված են նրանց անձնական տեղեկատվությունը և մասնավոր նամակագրությունը ձեռք բերելուն, գրում է «Ազատություն» ռադիոկայանի միջազգային ծառայությունը:


Մարտի 10-ին հրապարակված զեկույցում Amnesty-ն նշել է, որ վերջին 13 ամիսներին նման հարձակումներն ուղղված են իշխանության քննադատների դեմ:


Այդ գործողություններից տուժածներն իրավապաշտպան կազմակերպությանը հայտնել են, որ իրենց համոզմամբ՝ այս հարձակումների հետևում կանգնած են Ադրբեջանի իշխանությունները:


«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանում թիրախավորված և համակարգված կիբեռարշավ է իրականացվում քննադատական ձայների նկատմամբ, որոնցից շատերը երկար ժամանակ իշխանության բռնաճնշումների զոհ են եղել»,- ասել է կազմակերպության տեխնոլոգիական հարցերով ավագ փորձագետ Կլաուդիո Գուարնիերին: