«Ելք» դաշինքը քաղաքացիների նվիրատվություններով է պաստառներ տեղադրել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում
«Ելք» դաշինքի նախընտրական պաստառներից մի քանիսը տեղադրված են մայրաքաղաքի ամենաթանկ գնահատվող հատվածներից մեկում՝ Բաղրամյան պողոտայում: Tert.am-ը այս առնչությամբ պարզաբանում խնդրեց դաշինքի մամուլի պատասխանատու Անի Սամսոնյանից։
Մասնավորապես, մեր հարցին թե քաղաքական ուժը, որը հայտարարում է, որ իրենք օլիգարխների կուսակցություն չեն, ինչպե՞ս է կարողանում ՀՀԿ-ի կամ Ծառուկյան դաշինքի թեկնածուների մեծադիր նկարներին հավասարազոր պաստառներ պատվիրել և տեղադրել մայրաքաղաքի ամենաթանկ գնահատվող հատվածներում, Անի Սամսոնյանը պատասխանեց.
«Մենք բազմիցս ասել ենք, նաև հրապարակել ենք, որ մեր միջոցները գոյանում են ՀՀ քաղաքացիների նվիրատվություններից և մենք տեղեկացնում ենք նրանց, թե ինչի վրա ենք ծախսում այդ միջոցները: Նախընտրական քարոզչությունը սկսելուց առաջ մենք կազմակերպել ենք անհատական և դաշինքային դրամահավաք: Քաղաքացիներն իմացել են, թե ինչի համար են անում այդ նվիրատվությունը և արել են պատրաստակամորեն: Քաղաքացիները շեշտում են, որ մեզ ուզում են տեսնել ԱԺ-ում: Մենք էլ մեր հերթին պարտավոր ենք լինել նրանց ձայնը խորհրդարանում: Այս ամենը քաղաքացիական և քաղաքական համագործակցություն է»:
Լիլի Խաչատրյան










