ՌԴ-ի և Թուրքիայի միջպետական կապերը վերականգնվում են, ընդ որում՝ շատ արագ տեմպերով. Պուտինը՝ Էրդողանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՌԴ-ի և Թուրքիայի միջև արագ տեմպերով միջպետական կապերի վերականգնման, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության վերսկսման մասին՝ նշելով, որ Ռուսաստանի վարչապետը տեղեկացրել է իր թուրք գործընկերոջը Մոսկվայի կողմից դրա համար ձեռնարկվող քայլերի մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք շատ ուրախ ենք, որ մեր միջպետական կապերը վերականգնվում են, ընդ որում՝ շատ արագ տեմպերով: Այս ձևաչափով վերջին հանդիպումը մենք ունեցել ենք բավականին վաղուց, իմ կարծիքով՝ 2014 թվականին: Այդ ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, վերջին ժամանակներում մենք ակտիվ աշխատում ենք ռուս-թուրքական կապերը մեր երկրներին արժանի մակարդակի հասցնելու ուղղությամբ»,- ասել է Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների սկզբում:
Ռեջեփ Թայիփ Էրդողանն, իր հերթին, ՌԴ նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության գլխավոր բաղադրիչները պաշտպանական-արդյունաբերական համալիրն է և էներգետիկան:
«Կարծում եմ՝ այսօրվա դրությամբ երկու տնտեսությունների համագործակցության հիմնական բաղադրիչներն են դարձել պաշտպանական արդյունաբերությունը և էներգետիկան»,- ասել է Էրդողանը:










