Գիշերը հարևաններից մեկն ասաց, որ Երանոսյանենց փողոցում իրար ծեծում են ջրառատցիներ (տեսանյութ)

16:24 • 13.03.17

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում բնակիչները խուսափում են խոսել երեկ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավից հետո գրանցված միջադեպից, որին մասնակցել է նաև փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը։

Մի շարք գյուղացիներ Tert.am-ի հետ զրուցում նշեցին, որ միջադեպը տեղի ունեցել թաղամասում, որտեղ ապրում է Լևոն Երանոսյանը։

«Մենք կրակոց չենք լսել, հենա Լյովա Երանոսյանենց տունը էն կողմն է, չենք լսել, խաբար չենք՝ ինչ է եղել... գիշերը հարևաններից մեկը ասաց, որ իրար ծեծում են իրար։ Բոլորը զբաղված են իրանց ջերմոցներով. մտեք՝ տեսեք, եթե գյուղում մարդ էլ սպանեն, չենք իմանա»,-շեշտեցին նրանք։

Միջադեպի հետքերով Ջրառատ էին այցելել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները, ովքեր փորձում էին հանդիպել գյուղապետի Սամվել Գալստյանի հետ. վերջինս ևս փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ազգականն է։

Գյուղապետարանի աշխատակիցները նշեցին, որ գյուղապետը տեղում չէ, չգիտեն՝ ուր է։ Նրանք նաև ընդգծեցին, որ տեղյակ չեն միջադեպի մանրամասներից։

Ավելին՝ Tert.am-ի հետ զրուցում գյուղապետի տեղակալը՝ Դավիթ Սարգսյանը, ասաց, որ իրենց գյուղում միջադեպ չի եղել։

Ճշտող հարցին, թե այսինքն՝ գյուղապետի տեղակալը կարծում է, որ ոստիկանության հաղորդագրությունը և՞ս իրականությանը չի համապատասխանում, Դավիթ Սարգսյանը պատասխանեց.  «Կարող է, չգիտեմ, իրականում տեղեկություն չունեմ, միջադեպ չի եղել....»։

Հիշեցնենք, որ ըստ ՕՐՕ դաշինքի հաղորդագրության՝ գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի կողմից սպառնալիքներ են հնչեցվել գյուղի բնակչի՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։ Ընդ որում՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։

Ոստիկանությունը ավելի ուշ հայտարարություն էր տարածել, որ կան բերման ենթարկվածներ։

Tert.am-ի հետ զրուցում փաստաբան Կարեն Մեժլումյանը նշել էր, որ բերման ենթարկվածները ՕՐՕ դաշինքի 5 համակիր են և ևս մեկ համակիր ինքնակամ է ներկայացել ոստիկանություն։ Փաստաբանը մանրամասնել էր, որ երեկ գիշերվա դրությամբ միջադեպի մյուս կողմից բերման ենթարկվածներ չեն եղել, իսկ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։ 


Մանրամասները՝ տեսանյութում։