«Լրիվ գյուղը պետք ա ինձ ձայն տա». Առաքել Մովսիսյանը Ծաղկալանջում խոստացավ փողոց ասֆալտապատել (տեսանյութ)

17:34 • 15.03.17

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Արմավիրի մարզից ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու Առաքել Մովսիսյանն այսօր նախընտրական հանդիպումներ ունեցավ Ծաղկալանջ համայնքի բնակիչների հետ:

Գյուղապետ Մանվել Մկրտչյանը ներկայացրեց թեկնածուին, թեև համոզված էր, որ գյուղացիները ճանաչում են: Մինչ հարցերին անդրադառնալը պատգամավորը ներկայացավ և նշեց, թե 12 տարի է՝ պատգամավոր է, առաջին անգամ ընտրվել է մեծամասնականով, երկու անգամ՝ համամասնականով:

«Քանի որ իմ տարածքները էն կողմերն ա եղել, իրանց համար իմ հնարավորությունները բոլ-բոլ օգտագործել եմ։ Հիմա մեծացել է, ուզում եմ իմ բերանից հելած բանը տեղում անեմ, որ չխաբենք ձեզ ու էթանք: Իմանաք՝ ձայնն ում եք տալու ու չեք փոշմանելու, ձեզ հաստատ չեմ հիասթափեցնելու»,-ասաց նա և շեշտեց՝ իր թասիբն ավելի շատ է, քան ցանկացածինը:

Գյուղապետն ասաց, թե խնդիրները շատ են, առաջնային խնդիրը կենտրոնական ճանապարհն է, հնարավորություն չունեն համայնքի միջոցներով լուծել այդ հարցը, խնդրանքն է՝ ասֆալտապատել ճանապարհը։

Գյուղացիները համայնքի ղեկավարի հետ համաձայն էին՝ կընտրեն նրան, ով կլուծի ճանապարհի ասֆատապատման հարցը։

«27 տարի է՝ մանկապարտեզ էլ չունենք, էդ հարցը չենք էլ դնում, կարևոր է, որ ճանապարհի հարցը կարգավորվի»,-ասաց գյուղացիներից մեկը, ով Առաքել Մովսիսյանին այդքան էլ լավ չէր ճանաչում, քանի որ ասաց, թե իր և պատգամավորի անունը նույնն է՝ Մայիս, ինչը ներկաների ծիծաղի առիթ դարձավ:

Առաքել Մովսիսյանն ասաց, թե իր անունը Մայիս չէ, այլ՝ Շմայս և բացատրեց, թե ինչպես է եղել, որ իրեն այդ մականունն են տվել: Այնուհետև հարցրեց ճանապարհի երկարությունից, լայնությունից և համաձայնեց ասֆալտապատել ավելի քան 300 մետր։

«Ես դա անելու եմ, ֆսյո։ Հենց հիմա էդ գյադուն կանչի ստե, ասֆալտ անողին»,-հանձնարարեց նա: Զանգից հետո արդեն ասֆալտ անողը տեղում էր, ծանոթացավ պահանջներին:

«Դե որ տենց ա, տատուս ու պապուս էլ կբերեմ ընտրության»,-ասաց գյուղացիներից մեկը:

«Յանի սխա՞լ ես անելու»,-ասաց Առաքել Մովսիսյանը և գյուղապետից հետաքրքրվեց, թե քանի՞ ընտրող կա գյուղում:

«1160»,-ասաց գյուղապետը և հաջորդ հարցին, թե «ինչքա՞ն են հելնում», պատասխանեց, թե 500, 600:

«Ժողովուրդ էս անում եմ, սաղ գյուղը պատրա՞ստ է կողս կանգնելու»,-հարցրեց Առաքել Մովսիսյանը: Հավաքվածները բացականչեցին, թե կանգնած են:

Առաքել Մովսիսյանը հավելեց. «Սաղ գյուղին հավաքեք, թող ինձ ձեն տան, բայց մինչև ձեն տալը արդյունքը կտենաք»:

Մի երիտասարդ հավելեց, թե գյուղի քվեների մեծ մասը նրան է պատկանում: «Տո որ ուզում ես իմանաս՝ լրիվ էլ պետք ա տաք»,-արձագանքեց պատգամավորի թեկնածուն:

 
Մանրամասները՝ տեսանյութում։