«Ելքի» պաստառները պատռելու տեսագրությունները փոխանցվել են ոստիկանությանը. Էդմոն Մարուքյան

11:08 • 15.03.17

Վանաձորում «Ելք» դաշինքի պաստառները պատռելու տեսագրությունները փոխանցվել են ՀՀ ոստիկանությանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված այն լուրերին, թե «Ելքի» պաստառները պատռում են հենց դաշինքի անդամները:

««Ելքի» շտաբերի վրա հարձակումներ են եղել Վանաձորում, մեծադիր բաներները դիտավորությամբ դանակով պատռել են: Դրա տեսագրությունները մենք ունենք, որոնք փոխանցվել են ոստիկանությանը: Ավելին, այդ նույն անձինք, որոնք կան տեսագրություններում, ամբողջ Վանաձորի փողոցներով անցել են»,-ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ «Ելքը» տեղեկություններ ունի, որ Վանաձորում գործող բանկերը, բանկերի մասնաճյուղերն իրենց տեսագրությունները նույնպես փոխանցել են Ոստիկանությանը, որովհետև այդ նույն անձինք երևում են նաև իրենց տեսագրություններում:

«Դրանից հետո ինչպե՞ս կարելի է կասկած հայտնել, որ «Ելքի» մարդիկ են իրենք իրենց պաստառները պատռում: Քաղաքացու կողմից հանգանակված ծախսը ոչնչացնո՞ւմ ենք»,-ասաց Մարուքյանը: