Մահացել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանը

15:55 • 16.03.17
Մահացել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանը

«Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր մահացել է «Հաց բերող» մականվամբ հայտնի Արթուր Սարգսյանը։ Tert.am–ին տեղեկացրեց «Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը:

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը դիմել էր հիվանդանոց պորտային օղակված ճողվածքի բարդությամբ, երեկ ենթարկվել է վիրահատության, այսօր գրանցվել է մահը: Նա մի քանի օր առաջ տանը ցավեր է ունեցել, սակայն բարդության աստիճանը չի գիտակցել: Դա աղիքային անանցանելիություն է եղել, որը բերում է անդառնալի հետևանքների»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը, ով մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, նախորդ տարվա 2016թ. դեկտեմբերի 31-ին ազատ էր արձակվել, սակայն քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման էր ենթարկվել և 2017թ. փետրվարի 9-ին կալանավորվել, իսկ փետրվարի 10-ին անժամկետ հացադուլ էր հայտարարել:

Մարտի 6-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կիրառելու խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազին էին դիմել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես», «Օրինաց Երկիր», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Ժառանգություն» խմբակցությունների և խմբակցություններում և պատգամավորական խմբերում չընդգրկված 27 պատգամավորներ:

Մարտի 13-ին Հաց բերողի խափանման միջոց կալանքը փոխվեց անձնական երաշխավորությամբ և նա «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվեց Արմենիա ԲԿ, իսկ մի քանի օր անց տեղափոխվել էր տուն՝ համապատասխան դեղորայքային նշանակումներով և հատուկ սննդակարգով:

Սակայն մարտի 15-ին նա տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն և նույն գիշերը վիրահատության էր ենթարկվել: «Արթուր Սարգսյանը գտնվում է արհեստական ապարատային շնչառության տակ: Քնացնում ենք, որ ինքը հարմարվի ապարատին»,- Tert.am-ի հետ զրույցում ասել էր «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրիկ Մակարյանը:

Հիշեցնենք, որ Արթուրն օրեր առաջ էր դուրս գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից, որտեղ նրան տեղափոխել էին դատապարտյալների հիվանդանոցից՝ 25-օրյա հացադուլից հետո:

 

 

 

Մահացել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանը