Թուրքիան ավելի քան երբևէ հեռու է ԵՄ անդամակցությունից. Գերմանիայի արտգործնախարար

11:15 • 19.03.17

Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վատթարացման ֆոնին Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիան ավելի քան երբևէ հեռու է Եվրոպական Միության անդամ դառնալուց:


«Այսօր Թուրքիան  ակնհայտորեն ավելի քան երբևէ հեռու է ԵՄ անդամ դառնալուց»,- հեղինակավոր Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում ասել է պաշտոնյան:


Գերմանիայի արտգործնախարարն ընդգծել է, որ միշտ էլ կասկածներ է ունեցել առ այն, թե արդյոք պե՞տք է, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ:


Մինչդեռ Լուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հայտարարել է, որ Անկարայի կողմից ԵՄ-ի հասցեին հնչեցված վիրավորանքները, ինչպես նաև հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման ձախողված փորձից հետո տեղի ունեցող ներքաղաքական բռնաճնշումները վկայում են, որ ներկայում ոչինչ չի կարող նպաստել այդ երկրի՝ ԵՄ անդամ դառնալուն:


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Bild am Sonntag  պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ քանի դեռ Թուրքիան չի ցանկանում առաջնորդվել եվրոպական չափորոշիչներով, այդ երկիրը ԵՄ-ում տեղ չունի: