Տեղի ունեցավ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հոգեհանգստյան արարողությունը (տեսանյութ)

20:27 • 21.03.17

Այս պահին դեռևս ընթանում է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա են ոչ միայն նրա հարազատները, զինակից ընկերները, այլև քաղաքական, հասարակական գործիչներ:

Ներկա էին մասնավորապես «ԵԼՔ» ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Սասուն Միքայելյանը, «ՕՐՕ» դաշինքից Վարդան Օսկանյանը, Արմեն Մարտիրոսյանը, «Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը։

Tert.am-ի հետ զրույցում ֆրանսահայ հասարակական գործիչ Սարգիս Հացպանեանն ասաց, որ Արթուր Սարգսյանն իր մեջ խտացրել էր հայի բոլոր հատկանիշները՝ դիմելով ինքնազոհության: Նա նշեց, որ «Հաց բերող»-ն օրինակելի պետք է լինի հայ հասարակության համար:

«Նա մեզ ցույց տվեց բոլոր թերությունները, իր լավով, բարությամբ ցույց տվեց մեր մեջի չարը: Տա Աստված մենք բոլորս Արթուր պատգամով ապրենք, ինքնամաքրվենք: Նա իրեն զոհաբերեց»,- նշեց Ս. Հացպանյանը:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանն էլ ասաց, թե ժամանակին հայ իրականության մեջ ֆիդայիներ են եղել, որոնց շուրջ ժողովուրդը պատումներ է հյուսել: «Կարծում եմ, որ Արթուր Սարգսյանն այդպիսին է, նա իսկապես ժողովրդական հերոս է: Ինքը մնալու է մեր պատմության մեջ: Նա իսկապես գնաց անձնազոհության»,- շեշտեց Պապյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մահացավ մարտի 16-ին: «Հաց բերող» Արթուր Սարգսյանը դիմել էր հիվանդանոց պորտային օղակված ճողվածքի բարդությամբ, ենթարկվել էր վիրահատության, հաջորդ օրը մահացել:

«Նա մի քանի օր առաջ տանը ցավեր է ունեցել, սակայն բարդության աստիճանը չի գիտակցել: Դա աղիքային անանցանելիություն է եղել, որը բերում է անդառնալի հետևանքների»,- Tert.am-ի հետ զրույցում այդ օրն ասել էր «Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։