Շոտլանդիայի խորհրդարանը քննարկելու է անկախության երկրորդ հանրաքվե անցկացնելու հարցը

04:17 • 21.03.17

Շոտլանդիայի խորհրդարանը մարտի 21-ին քննարկելու է անկախության երկրորդ հանրաքվե  անցկացնելու հարցը: Նախաձեռնությունը առաջ է քաշել Շոտլանդական Ազգային կուսակցությունը (SNP), որը բացատրում է իր որոշումը պաշտոնական Լոնդոնի կողմից Շոտլանդիայի շահերի նկատմամբ ունեցած արհամարհանքով:


Շոտլանդիայի խորհրդարանի պատգամավորները երեքշաբթի պետք է բանավեճի արդյունքում կողմ կամ դեմ քվեարկեն հանրաքվեին: Հաշվի առնելով այն փաստը, որ SNP-ն ունի խորհրդարանական մեծամասնություն, ակնկալվում է, որ մեծ հավանականությամբ, հնարավոր կլինի  Շոտլանդիայի կառավարությանը լիազորություն տալ անցկացնելու երկրում հերթական հանրաքվեն:


Շոտլանդիան քննադատել է պաշտոնական Լոնդոնին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 29-ին մեկնարկելու է բրեքզիթի գործընթացը:


Ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Սթըրջեոնը հայտարարել է, որ «եթե Շոտլանդիայի խորհրդարանի անդամները հաստատեն հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը, և եթե անգամ Մեյը դեմ լինի դրան, Շոտլանդիայի ինքնիշխան ժողովրդի իրավունքն է լինելու որոշել, թե ինչ ճակատագիր է իրենց սպասում»:


Սթըրջեոնը նախկինում արդեն բազմիցս հայտարարել է, որ Շոտլանդիայի կառավարությունը բնավ գոհ չէ կոշտ բրեքզիթի սցենարից, որով Միացյալ Թագավորությունը ստիպված կլինի հեռանալ ԵՄ-ից և եվրոպական միասնական շուկայից:


Շոտլանդիան ցանկանում է կառույցի հետ առանձին համաձայնագիր ստորագրել, սակայն Լոնդոնը մերժում է այդ հնարավորությունը: