Սամվել Բաբայանը չի ընդունում այն, ինչում իրեն կասկածում են. պաշտպան

13:44 • 23.03.17

Երեկվանից  Ազգային անվտանգության  ծառայությունում գտնվող  ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար  Սամվել Բաբայանը չի ընդունում այն, ինչում իրեն կասկածում են։ Այս մասին  Tert.am-ին հայտնեց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը, ով այսօր ներկա էր եղել  Սամվել Բաբայանի հարցաքննությանը, որն արդեն ավարտվել է:

«Կարճ հարցաքննություն է տեղի ունեցել: Այն, ինչում իրեն կասկածում են, բացարձակապես չի ընդունում, ասում է, որ նման արարք չի կատարել: Մեղադրանք կառաջադրվի, թե ոչ, դեռևս պարզ չի»,-ասաց Ավետիս Քալաշյանը:

Նշենք, որ վաղը կեսօրին կլրանա Սամվել Բաբայանին մեղադրանք առաջադրելու ժամկետը, որից հետո նա կամ պետք է կալանավորվի, կամ ազատ արձակվի:

Հիշեցնենք, որ  ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության վերաբերյալ՝ նշելով, որ դա իրականացվել է   Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

«Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»,-ասված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ: 

Ավետիս Քալաշյանը, ի պատասխան հարցի, թե Սամվել Բաբայանի շրջապատից այս գործի շրջանակներում  այլ ձերբակալվածներ կամ բերման ենթարկվածներ կա՞ն, ասաց. «Տեղյակ չեմ: Կներեք, իմ պաշտպանյալի շահերից ելնելով՝ ես առայժմ այսքան տեղեկությունը կարող եմ հավելել: Եթե ավելին ասելու հարկ լինի, ինքս կասեմ»:

Պաշտպանը նշեց, որ Սամվել Բաբայանը նորմալ տրամադրություն է ունեցել, ընկճված չի եղել: «Անմեղ մարդը չի կարող ընկճված լինել»,-մեկնաբանեց փաստաբանը:

Հարցին, թե Սամվել Բաբայանի կարծիքով իր ձերբակալությունը քաղաքական հետապնդո՞ւմ է, փաստաբանն ասաց,  որ իր պաշտպանյալն որևէ առայժմ այդ առնչությամբ որևէ կարծիք չի հայտնել: 

Այսօր հարցաքննության ժամանակ Սամվել Բաբայանին տրված հարցերի թեման, ըստ փաստաբանի, նախաքննական գաղտնիք է: