Թուրք նախարարը Թուրքիան անվանել է «աշխարհի ամենաթանկարժեք հողատարածք, որի համար պայքար է գնում»

10:04 • 23.03.17

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Թուրքիան գտնվում է Մերձավոր Արևելքի ժողովուրդների տարած պայքարի կիզակետում և, միևնույն ժամանակ, երկիրն ամենաճգնաժամային կետում է գտնվում Արևմուտքի և Արևելքի միջև, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Մենք անցնում ենք պատմական շատ կարևոր ժամանակաշրջանի միջով: 400 տարի է՝ մարդիկ որպես աշխարհի կենտրոն տեսնում են Եվրոպան, բայց մենք այսօր փոխում ենք այդ հասկացությունը: Մենք բոլորովին այլ կետից սկսեցինք 21-րդ դարը», - ասել է Սոյլուն և հայտարարել, որ դարեր շարունակ Եվրոպան փորձել է իր իշխանությունն Ասիայի վրա տարածելու համար այստեղ վարել գաղութատիրական քաղաքականություն:

«Այսօր Թուրքիայի գլխին խաղացվող խաղերը նրանց հենց այս ցանկությունից են բխում, ասում են. «Տեսնենք կարո՞ղ ենք աշխարհի ամենաթանկարժեք հողատարածքը ղեկավարել մեր ուզածի պես»: Այդ իսկ պատճառով ցանկանում են Թուրքիան բերել քաոսային վիճակի», - հայտարարել է թուրք նախարարը:

Վերջին շրջանում Թուրքիայի հարաբերությունները սրվել են եվրոպական մի քանի երկրների՝ հատկապես Նիդեռլանդների հետ։ Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:

Նույն նպատակով, սակայն արդեն ցամաքային ճանապարհով, Նիդեռլանդներ էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի անձ» են հայտարարել ու արտաքսել երկրից:

Թուրք նախարարը Թուրքիան անվանել է «աշխարհի ամենաթանկարժեք հողատարածք, որի համար պայքար է գնում»