Կարեն Կարապետյանի դրական իմիջն ազդել է ՀՀԿ ցուցանիշի վրա. հարցվածների 29.4%-ը ձայնը կտա ՀՀԿ-ին, 28.2%-ը՝ «Ծառուկյան» դաշինքին. Gallup International Association (տեսանյութ)

13:41 • 24.03.17

«Եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք». Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության այս հարցմանը 29.4%-ը պատասխանել է, որ կքվեարկի Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին, 28.2%-ը՝ «Ծառուկյան» դաշինքի։  

Հարցման արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Ըստ նրա՝ «Ելք» դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել 6,1%-ը, ՀՅԴ-ի օգտին՝ 4.8%-ը, «Ազատ դեմոկրատներ»՝ 4,4%, «Հայկական վերածնունդ»՝ 3,4%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 2,9%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք` 2,5%, Հայաստանի կոմունիստական կուսակցությանը պատրաստ է ձայն տալ հարցվածների 1,2%-ը:

9,5%-ը հրաժարվել է պատասխանել, իսկ 7,6 %-ը դժվարացել է պատասխանել:

Նշենք, որ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցմանը մասնակցել է 1145 քաղաքացի: Հետազոտությունն իրականացվել է մարտի 12-ից մարտի 19-ը Հայաստանի տարածքում:  

Արման Նավասարդյանը նշեց, որ նախորդ հարցման համեմատ ՀՀԿ ցուցանիշը մի փոքր առաջ է անցել «Ծառուկյան» դաշինքի ցուցանիշից: Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանի մասնակցությունը քարոզարշավին և նրա իմիջը նպաստել է ՀՀԿ ցուցանիշի աճին։  

«Նրա իմիջը միանշանակ դրականորեն ազդել է ՀՀԿ ցուցանիշի վրա, և գրանցել են ավելի բարձր ցուցանիշներ»,-ընդգծեց նա:  

Ի դեպ, նշենք, որ մինչև քարոզարշավն իրականացված հարցման արդյունքների համաձայն, առաջին տեղում էր «Ծառուկյան» դաշինքը՝ 26,4%-ով, ՀՀԿ-ն գրանցել էր 22,8% արդյունք։