ՄԻԵԴ-ն արագացված կարգով վարույթ է ընդունել ապրիլյան պատերազմին առնչվող 23 հայց, ինչն անսպասելի էր. Արա Ղազարյան

23:11 • 28.03.17

Իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացրել 2016 թվականի ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ, որոնցից 23-ն արդեն վարույթ է ընդունվել:

Tert.am-ի հետ զրույցում իրավաբան-իրավապաշտպան խմբի անդամ Արա Ղազարյանն ասաց, որ խմբի համար անսպասելի է եղել ՄԻԵԴ-ի նման արագ արձագանքը. «Մեզ համար բավականին անսպասելի էր, որ ՄԻԵԴ-ը արագացված կարգով սկսեց այդ երկու տասնյակ գործերի քննությունը, ինչը շատ դրական է: Հիմա սպասում ենք ավելի մեծ խմբաքանակի, որը վերաբերում է տեղահանվածների վերաբերյալ գանգատների մասով ՄԻԵԴ-ի դիրքորոշմանը՝ գործի քննությունը սկսելու կամ չսկսելու վերաբերյալ»:

Իրավաբան-իրավապաշտպան խմբի անդամ Արտակ Զեյնալյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության միջազգային մեխանիզմ՝ ՄԻԵԴ-ից ակնկալվում է իրավունքների խախտման փաստի արձանագրում, որի դեպքում Ադրբեջանը պարտավոր կլինի արդարացի փոխհատուցում տրամադրել իրավունքի խախտման զոհերին:

Արտակ Զեյնալյանն ասաց, որ ելնելով գաղտնիության պահանջից՝ գործին վերաբերող այլ մանրամասները հրապարակման ենթակա չեն:

Նշենք, որ ընդդեմ Հայաստանի գանգատներ ներկայացրել է նաև ՄԻԵԴ-ում Ադրբեջանի շահերը ներկայացնող Չինգիզ Ասքերովը: Այդ դիմումների քանակը հասնում է 700-ի, սակայն դեռևս վարույթ է ընդունվել 5-ը:

Հիշեցնենք, որ իրավաբան-իրավապաշտպան խումբը գանգատներ է ներկայացրել ԼՂՀ Պաշտպանության բանակի 22 զինծառայողների ընտանիքի անդամների անունից (62 դիմումատուներ), 02.04.2016թ Թալիշ գյուղում իրենց տանը սպանված Խալափյան ընտանիքի տարեց երեք անդամների մերձավոր ազգականների անունից (3 դիմումատուներ), 02-05.2016թ մարտական գործողությունների հետևանքով տուժած և պոտենցիալ տուժող հանդիսացող 693 քաղաքացիական անձանց անունից (Թալիշ գյուղից՝ 133, Մատաղիս գյուղից՝ 133, Մարտակերտ քաղաքից՝ 132, Ճարտար քաղաքի Ներքին Ճարտար թաղամասից՝ 229, Մարտունի քաղաքից՝ 13 և Ասկերանի շրջանի բնակավայրերից՝ 37 անձ), 3 գանգատ ներկայացվել է չորսական անչափահասների անունից (զոհված աշակերտ և այլոք)՝ Ճարտար, Մատաղիս և Թալիշ բնակավայրերից և Հայ Առաքելյայց Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի անունից՝ Թալիշ գյուղի եկեղեցու ու մատուռի հրետակոծման համար: