Այն, որ ընտրացուցակները հրապարակվում են, չի նշանակում, որ ընտրությունները չեն կեղծվում. Ա. Սաքունց

16:47 • 29.03.17

Միայն այն, որ ընտրողների ազատ կամարտահայտման սկզբունքը խախտվել է, զանգվածային կերպով վարչական լծակներ են օգտագործվում, փաստում է այն մասին, որ
խորհրդարանական ընտրություններն արդեն իսկ կեղծված են։

Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ Ընտրական օրենսգրքում խութեր կան:

«Այն, որ ծրարի մեջ բացի քվեաթերթիկից կան թղթեր, կամ ինչ-որ իրեր, որոնք հիմք չեն հանդիսանում, որպեսզի այդ քվեարկությունը համարվի անվավեր, սա արդեն ընտրողի քվեարկությունը վերահսկելու մեթոդ է։ Դուրս է գալիս՝ բոլորին կարող են ինչ-որ միատեսակ իր տալ, ասենք՝ սև թուղթ, որպեսզի իրենց ՀՀԿ-ական հանձնաժողովի անդամը հաշվարկի ժամանակ վստահ լինի, որ հավատարիմ են մնացել ՀՀԿ-ին: Կամ գունավոր գրիչներով նշումները, որը չի արգելվում, ինչը նշանակում է, որ թույլատրվում է։ Բազմաթիվ այլ մեթոդներ ևս կան»,-շեշտեց նա:

Արթուր Սաքունցի մեկնաբանմամբ՝ ընտրողն այս օրերին անգամ կաշկանդված է՝ կաշառք վերցնե՞լ, թե ոչ:

«Եթե կաշառք չվերցնի, նշանակում է նա կասկածյալ է, հավատարիմ չէ իշխանությանը, խախտումները համատարած բնույթ են կրում»,-շեշտեց նա:  

Արթուր Սաքունցի խոսքով՝ բոլոր կուսակցությունների մասնակցությունն այս ընտրություններին կարելի է համարել «Կեցցե ՀՀԿ» կարգախոսի ներքո, բացի երկու ուժից՝ ՕՐՕ և «Ելք» դաշինքներից, որոնք դիմում են ներկայացրել, որպեսզի ՀՀԿ մասնակցությունը ընտրություններն չեղարկվի։

Ըստ նրա՝ այն, որ ընտրացուցակները հրապարակվում են, չի նշանակում, որ ընտրությունները չեն կեղծվում: