Թուրքիայի փոխվարչապետը խնդրել է հայ համայնքին սպասել մինչև հանրաքվեի ավարտը Պոլսո պատրիարքի տեղապահի շուրջ ծագած ճգնաժամը կարգավորելու համար
Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գործող գլխավոր գրասենյակի կողմից Սբ Զատկին ընդառաջ քրիստոնյա համայնքների համար և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ընթրիք է կազմակերպվել, որին մասնակցել է նաև Թուրքիայի փոխվարչապետներից Վեյսի Քայնաքը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Հայտնի է, որ ընթրիքին պոլսահայ համայնքից ներկա են եղել նաև Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների հիմնադրամների միության անդամներից Թորոս Ալջանը, Պոլսո Հայոց պատրիարքարանի Եկեղեցական խորհրդի նախագահ Տ. եպիսկոպոս Սահակ Մաշալյանն ու Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում մնալ շարունակող Արամ Աթեշյանը, որն էլ իր աղոթքով կատարել է ընթրիքի բացումը:
Փոխվարչապետ Վեյսի Քայնաքին նաև հարց է ուղղվել Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրության շուրջ ծագած ճգնաժամի և Ստամբուլի նահանգապետարանի միջամտության մասին, ինչին ի պատասխան Քայնաքը խոստացել է լուծել հարցը, սակայն խնդրել է հայ համայնքին սպասել մինչև ապրիլի 16-ի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ավարտը:
«Ինձ այս հարցով նաև զանգահարել են Մեջլիսի հայազգի պատգամավորներ Սելինա Դողանը, Կարո Փայլանն ու Մարգար Եսայանը: Հարցը կլուծվի, դյուրին է: Սակայն թույլ տվեք սպասել մինչև հանրաքվեի ավարտը», - ասել է Քայնաքը:
Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի: 










