Նա նռնակով պահեց իր և հայրենիքի պատիվը, նախընտրեց ինքն իրեն վերացնել. Ռոբերտ Աբաջյանի հարազատներ (տեսանյութ)

21:34 • 01.04.17

Այսօր Ապրիլյան պատերազմում զոհված կրտսեր սերժանտ, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հոր՝ Ալեքսանդր Աբաջյանի ծննդյան օրն է: Նա ծննդյան օրը դիմավորել է «Եռաբլուր» պանթեոնում որդու և Ապրիլյան պատերազմում զոհված մյուս հերոսների շիրիմների առջև:  

«Ապրիլի 1-ին 7:30-8:00 ընկած ժամանակահատվածում զանգեց ՝պապ ջան, ծնունդդ շնորհավոր, ես գնում եմ դիրքեր։ Ասացի՝ աստված քո հետ, դու պոստերը պահի, պապան՝ քնի, ինձ բարեմաղթանքներ ուղղեց։ Այդ օրը ամբողջ օրը տրամադրություն չունեի, ամսի 2-ին իմացա՝ պատերազմ է, Մոսկվայից վերադարձա, արդեն երեկոյան Հայաստանում էի»,-Tert.am-ի հետ զրուցում վերհիշեց Ալեքսանդր Աբաջյանը:

Ռոբերտ Աբաջյանի մայրը՝ Աննա Աբաջյանն էլ պատմեց, որ իրեն բոլորը սփոփում էին՝ ասելով, որ Ռոբերտը ճարպիկ է, հաստատ մի հնար գտել, գուցե թաքնվել է, ողջ է:

«Բայց ես գիտեի, եթե կռիվ է, ուրեմն հաստատ կենտրոնում է, այդպիսի դեպք չի եղել, որ անգամ կենցաղային վեճ լինի, նա կենտրոնում չլինի....Նախընտրել է ինքն իրեն վերացնի, հակառակորդներին էլ՝ հետը, քան իրեն վերացնեն»,-շեշտեց նա:

Ռոբերտ Աբաջյանի տատիկը՝ Անահիտ Աբաջյանն էլ ընդգծեց, որ Ռոբերտը՝ «Կյաժը», նռնակով պահել է իր և հայրենիքի պատիվը, երբեք վախկոտ չի եղել, գիտակցաբար գնացել է մահվան:

Ռոբերտ Աբաջյանի ընտանիքի անդամների խոսքով՝ հասարակ մարդիկ ոչ իրենց, ոչ էլ Ապրիլյան պատերազմի հերոսներին չեն մոռացել հիշում են, այցելում, բայց, ընդհանուր առմամբ, պատերազմից դասեր չենք քաղել:

Անահիտ Աբաջյանի խոսքով՝ հատկապես քաղաքական ուժերը, իշխանությունները պետք է ջանք չխնայեին՝ ապացուցելու համար, որ հերոսների զոհաբերությունը զուր չէր:

«Մոռանում են, մոռանում են, որ այսօր շատ բաներով այդ տղաներին են պարտական, մոռացան։ Եթե չմոռանային, ապրիլի 2-ին ընտրություններ չէին անի, իրենց համար կարևորը այդ պահին խոսեցին, անցավ գնաց։ Մեկը ասել էր՝ դե ոչինչ, թող գնան Եռաբլուր ծաղիկը դնեն ու գնան ընտրությունների... Պատկերացնո՞ւմ եք»,-ընդգծեց նա՝ մանրամասնելով, որ միջոցառումից միջոցառում հիշում են, բայց պետք է հիշել գործողություններով:

Ըստ նրա՝ բոլոր քաղաքական ուժերը պետք է ընդհանուր հայտարարի գային և փոխեին ընտրությունների օրը:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

 

 

Նա նռնակով պահեց իր և հայրենիքի պատիվը, նախընտրեց ինքն իրեն վերացնել. Ռոբերտ Աբաջյանի հարազատներ (տեսանյութ)