Լրագրողների վրա հարձակման դեպքի առիթով Գլխավոր դատախազը հանձնարարել է քրեադատավարական կարգով ստուգում սկսել
Խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Հակոբ Բեգլարյանի շտաբի մոտ՝ Կոնդ թաղամասի Ռուսթավելի 15 հասցեում, այսօր միջադեպ է տեղի ունեցել: Tert.am- ի հետ զրույցում «Araratnews.am»-ի լրագրող Շողիկ Գալստյանը պատմեց, որ շտաբի մոտ կուտակումներ է նկատել և փորձել է նկարահանել ու հասկանալ, թե ինչ է կատարվում:
«Շտաբի դիմաց հավաքված քաղաքացիները հարձակվեցին վրաս, խլեցին ֆլիպս, քաշեցին մազերս: Այդ ընթացքում մարդիկ, այլ լրագրողներ էին մտել ներս ու տեսել, որ գումար է բաժանվում, սակայն ասել էին, թե դա աշխատավարձ է, ոչ թե ընտրակաշառք» ,- պատմեց Շողիկ Գալստյանը:
Լրագրողը հայտնեց, որ դեպքի առիթով Ոստիկանութուն հաղորդում է ներկայացրել:
Իսկ Գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am-ին տեղեկացրեցին, որ azatutyun.am և araratnews.am կայքերի լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ azatutyun.am կայքում հրապարակված տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազության կողմից շտապ կարգով ուղարկվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում՝ պատշաճ քրեադատավարական կարգով ստուգողական գործողություններ իրականացնելու հանձնարարությամբ:
Անի Արամի










