Սամվել Բաբայանի նկատմամբ կալանավորումից հետո որևէ քննչական գործողություն չի կատարվել. պաշտպան
Մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված ԼՂՀ ՊԲ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նկատմամբ որևէ քննչական կամ դատավարական գործողություն չի կատարվել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:
«Մարտի 24-ին՝ կալանավորումից հետո մինչ օրս իմ պաշտպանյալ Սամվել Բաբայանի նկատմամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել»,-ասաց պաշտպանը:
Հարցին, թե առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել պաշտպանի կողմից, հայտնի՞ է բողոքի քննության օրը, Ավետիս Քալաշյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանից որևէ տեղեկություն չունի. «Թղթերը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանից դեռևս Վերաքննիչ դատարան չեն ուղարկել»:
Հիշեցնենք, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։










