Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը հետևում է Լապշինի գործով իրադարձություններին. իսրայելցի դեսպան
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան աշխատակիցները հաճախ են այցելում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինին, քանի որ բլոգերն Իսրայելի քաղաքացի է։ Այդ մասին Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
«Մենք ուշադիր հետևում ենք Լապշինի գործով իրադարձություններին»,- ասել է դեսպանը:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին:
Լապշինին սպառնում է 8 տարվա ազատազրկում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։










