Խորհրդարանում ամեն մանդատի դեր շատ կարևոր է լինելու. Արամ Սարգսյանը կվերցնի պատգամավորի մանդատը (տեսանյութ)

18:39 • 07.04.17

«ԵԼՔ» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանն այս անգամ վերցնելու է ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ստացած պատգամավորական մանդատը: Tert.am-ի հետ զրույցում Արամ Սարգսյանն ասաց, որ առաջինն իրեն նույն հարցով իր մայրն է դիմել՝ հաշվի առնելով հանգամանքը, որ նախորդ ընտրություններից հետո Արամ Սարգսյանը պատգամավորական մանդատը չէր վերցրել:

«Առաջինն այդ հարցը մայրս է տվել, հորդորել է, որ անպայման վերցնեմ: Բայց խնդիրը նաև նրանում է, որ այս խորհրդարանը նախորդ խորհրդարաններից տարբերվում է, որովհետև Սահմանադրություն է փոխվել: Այս խորհրդարանում լուրջ խնդիրներ են լուծվելու, 2018թ.-ին նախագահի պաշտոնը վերանալու է, որոշելու է՝ ով է բանակցելու Ղարաբաղի հարցով: Եվ խորհրդարանում ամեն մանդատի դեր շատ կարևոր է լինելու»,- ասաց Արամ Սարգսյանը:

Նա նշեց, որ այն մարդիկ, ովքեր քվե են տվել իրենց, վստահել են, իրենք պարտավոր են նրանց չհիասթափեցնել՝ «ամեն օր, ամեն ժամ որպես ընդդիմություն հանգիստ չտալով այս իշխանություններին»:

Դիտարկմանը, թե տարբեր բնութագրումներ են արվում «ԵԼՔ»-ի հասցեին, մի մասն ասում է, թե կանխատեսելի ընդդիմություն է լինելու, մյուսներն ասում են, թե կառուցողական, կան տեսակետներ, որ դաշինքը «իշխանական» է, Արամ Սարգսյանն այսպես արձագանքեց. «Շատ բնական է, որ տարբեր պետք է լինեն բնութագրումները: Ամենից շատ բողոքում են ու սպասելիքներ ունեն հենց մեզանից, սա բնական է, որովհետև իշխանություններից սպասելիքներ չունեն: Մեզ են ասում, մեզնից սպասելիք ունեն, դրա համար մտածում են՝ թե ինչպիսին կլինենք մենք: Մեկ բառով ասեմ՝ կլինենք անկանխատեսելի: Թիմային պայքար ենք ունենալու ԱԺ-ում, կարող ենք նաև «ելք կա» գոռալ, այնպես որ հետաքրքիր է լինելու»:

Հարցին՝ բացառո՞ւմ են խորհրդարանական շրջանակներում «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցությունը, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Որևէ դաշինք «Ծառուկյան» դաշինքի հետ բացառում ենք: Համագործակցությունը լայն հասկացություն է: Եթե օրինակ Ղարաբաղի հարցով ՀՀԿ-ն էլ ինչ-որ բան բերի, որը բխում է մեր ժողովրդի շահերից, կարող ենք համագործակցել և կողմ քվեարկել: Կամ տնտեսական խնդիրներով, եթե «Ծառուկյան» դաշինքը բերի մոտեցումներ, որոնք օգուտ կտան երկրին, կարող ենք կողմ քվեարկել: Ես նայել եմ գրեթե բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը, և դրանց թվում կան առաջարկություններ, որոնք կարող են երկրին առաջընթաց ապահովել: Երկրի առաջընթացի ապահովման համար ամեն մեկից ինչ-որ բան պիտի վերցնես: Նրանք, ովքեր գրել են դա, ի զորու են իրականացնել: Նման համագործակցությունը դիրքերի զիջում չեմ համարում»:

Հարցին՝ ուժի մե՞ջ են հայտարարությունները, որ իշխանության հետ կոալիցիա չեն կազմի, Արամ Սարգսյանը դրական պատասխան տվեց. «Միանշանակ, այն, ինչ ասել ենք, ասել ենք մտածված: Բացառված է, որ մենք իշխանության հետ որևէ կոալիցիա կազմենք: Մենք անգամ չէինք բացառում, որ եթե այնպիսի իրավիճակ լինի ԱԺ-ում, որ ոչ իշխանականների հետ կոալիցիա կազմելով ՀՀԿ-ին փոխենք, մենք կգնայինք նաև դրան: Եթե «Ծառուկյան» դաշինքի հետ միանալով, կլինեինք ավելին, քան ՀՀԿ-ն էր, վայրկյան անգամ չկասկածեք, որ ես կգնայի ու դա կանեի»:



Մանրամասները՝ տեսանյութում: