Հույս ունեմ՝ նախագահ Թրամփը ճիշտ քայլ կկատարի և 102 տարի առաջ տեղի ունեցածը ցեղասպանություն կանվանի. ԱՄՆ կոնգրեսական

11:01 • 07.04.17

Ճշմարտությունն ասելու համար միշտ հարմար ժամանակ է. Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում այսպես է իր ելույթը սկսել սենատոր Էդ Մարքին:

Ինչպես փոխանցում է amerikayidzayn.com-ը, սենատորը նշել է, որ չնայած հանրապետականների և դեմոկրատների միջև բազմաթիվ հակասություններին, կա մեկ հարց, որի շուրջ իրենք միասնական են.

«Դեմոկրատներն ու հանրապետականները միշտ ուս ուսի տված պատրաստ են կանգնել մեր ընկեր և դաշնակից Հայաստանի կողքին»:

Երեկոյին ելույթ ունեցած Կոնգրեսի բազմաթիվ անդամներ ընդգծել են. «Մենք ձեզ հետ ենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»:

Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբին վերջերս միացած կոնգրեսական Սալուդ Քարբաջալը նշել է.

«Ես հասկանում եմ, քաղաքական որոշ սկզբունքներ թույլ չեն տվել ԱՄՆ-ին դեռևս ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն, դրանք արդար սկզբունքներ չեն: Արդար է ճշմարտությունը»:

Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուն նշել է, որ ամոթով է հիշում, որ Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման հարցը դեռևս բաց է մնում.

«Սակայն, մենք կհաղթենք: Կասկած չունեմ՝ կհաղթենք»:

Երոկոյին ներկա Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատ Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի նախագիծ ներկայացրած կոնգրեսական Դեյվ Թրոթը հույս է հայտնել, որ ոչ միայն Կոնգրեսը կընդունի իր օրենքի նախագիծը, այլև նախագահ Դոնալդ Թրամփը։  

«Թրամփը ավանդական քաղաքական գործիչ չէ, ու հայտարարությամբ կճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Հույս ունեմ, նախագահ Թրամփը ճիշտ քայլ կկատարի և 102 տարի առաջ տեղի ունեցածը ցեղասպանություն կանվանի,- ասել է նա:

Դոնալդ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին է խոսել նաև ազդեցիկ դեմոկտրատ կոնգրեսական Ադամ Շիֆը, ում հավաքվածները հատուկ ողջույնի են արժանացրել.

«Այս նախագահը որևէ խոստում չի տվել, նրա շուրջ դիվանագետներ և զինվորականներ չեն, որոնք կընդդիմանային Հայոց ցեղասպանության ճանաչմանը, և միգուցե դա կօգնի: Մենք պետք է համոզենք նրան, որ դա ճիշտ քայլ է, իսկ դա այդպես է, քանի որ մենք չենք կարող աշխարհի առաջատարը համարվել, եթե տարբերակենք, թե որ ցեղասպանությունները պիտի ճանաչենք, որոնք՝ ոչ»: