Ավագանու ընտրություններին որոշ քաղաքական ուժերի չմասնակցելուց մրցակցությունը շատ չի տուժի. Կարեն Քոչարյան

19:32 • 08.04.17

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը համարում է, որ Երևանի ավագանու ընտրություններին որոշ քաղաքական ուժերի` մասնավորապես ՀԱԿ-ի, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների չմասնակցելը որոշ դեպքերում պայմանավորված է խորհրդարանական ընտրություններին իրենց ուժերը գնահատելու և քաղաքական դաշտում կատարվող իրադարձությունները հասկանալու հետ: Ըստ նրա` քաղաքական ուժերի մի մասը ընդհանրապես հնարավոր է դուրս գա դաշտից:

«Եթե հաշվի ենք առնում, որ բավականին ցածր տոկոսներ են ստացել այդ ուժերը, ապա չեմ կարծում, որ նրանց չմասնակցելուց ավագանու ընտրություններում մրցակցությունը շատ կտուժի»,- Tert.amի հետ զրույցում ասաց նա:

Ինչ վերաբերում է այն քաղաքական ուժերին, որոնք դեռ որոշում չեն կայացրել ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, նա ասաց, թե պատճառն այն է, որ այս ընտրություններն անմիջապես Ազգային ժողովի ընտրություններից հետո են լինելու:

«Այն քաղաքական ուժերը, որոնք ուզում են մնալ դաշտում, ինձ համար միշտ անհասկանալի է, թե ինչու չեն մասնակցում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին` առավելևս, որ Երևանի ավագանու ընտրությունները ինչ-որ չափով համապետական ընտրություններ են»,-ասաց նա:

Իսկ մասնակցության մասին արդեն հայտարարած ուժերից մասնավորապես «Ելք» դաշինքի վերաբերյալ Կարեն Քոչարյանն ասաց, որ «Ելքը» բավականին լավ արդյունք կարող է գրանցել, հաշվի առնելով, որ Ազգային ժողովում Երևանից ստացած ձայների քանակը:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի ՀՀԿ-ի կողմից  Տարոն Մարգարյանի թեկնածության առաջադրմանը` քաղտեխնոլոգն ասաց, որ երբ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակի երկրորդ համարը Տարոն Մարգարյանը եղավ, գրեթե կասկած չէր մնում, որ քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածուն լինելու է հենց ինքը: «Ես կարծում եմ, որ Տարոն Մարգարյանը նորմալ ցուցանիշներ է ցույց տվել և ինչո՞ւ պետք է ՀՀԿ-ն փոխի մարդու, ով անցյալ Երևանու ավագանու ընտրություններին հաղթել է, այս ընտրություններին որևէ խնդիր չի ստեղծել: Միշտ պարտվողին են փոխել»,-ասաց նա: