Բաքվում կալանքի տակ պահվող բլոգեր Լապշինը բողոքարկել է ադրբեջանական դատարանի որոշումը

15:35 • 11.04.17

Բաքվում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է երեք ամսով իր կալանքը երկարաձգելու մասին Բաքվի Նասիմինի դատարանի որոշումը։ Այդ մասին «Թրենդ» գործակալությանը հայտնել է Ալեքսանդր Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:


Փաստաբանի խոսքով՝ նա հանդիպել է իր պաշտպանյալի հետ՝ հետաքրքրվելով նրա պահման պայմանների մասին:


Նասիմինի դատարանն ապրիլի 7-ին կայացրած որոշմամբ երեք ամսով երկարաձգել է բլոգեր Լապշինի նկատմամբ կալանքի տեսքով խափանման միջոցի ժամկետը:


Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին:


Լապշինին սպառնում է 8 տարվա ազատազրկում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:


ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։