Այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն. ՀՀ Նախագահը՝ Դավիթաշենում ապօրինի ծառահատման մասին
ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն «Արմենպրես»-ի խնդրանքով ներկայացրել է Նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքին:
Հարց. Ինչպե՞ս է ՀՀ Նախագահը վերաբերվում Դավիթաշենում ապօրինի ծառահատման դեպքին:
Պատասխան. Նախագահը վստահ է, որ բոլոր պատկան մարմիններն իրենց պարտականությունները կատարելու են պատշաճ կերպով և այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն։
Հիշեցնենք, որ երեկ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, անդրադառնալով համայնքում տեղի ունեցած ծառահատման դեպքին, նշել էր, որ տասնյակ ծառեր հատողը եղել է մասնավոր տնտեսվարողը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ պատրաստվում է անձամբ գրություն ուղարկել Դատախազություն։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ ասել էր, որ ծառահատման նման դեպքի համար վարչական տույժը բավարար չէ, օրենքը ենթադրում է նաև քրեական պատասխանատվություն։
Ոստիկանությունից հայտնել էին, որ ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է 1966 թ. ծնված Ա. Ս.-ն, որը ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին, Դավթաշենի 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:
ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետներն էլ ուսումնասիրել էին տարածքը և հայտնել, որ Դավթաշենում հատվել է 24 թեղի, 5 բարդի, հաշվարկվել է 2 մլն 860 հազ դրամի վնաս։










