Ավագանու թեկնածուները պետք է ներկայացնեն Երևանի զարգացման ծրագիր. Վիկտոր Մնացականյան (տեսանյութ)
Ավագանու թեկնածուները պետք է ներկայացնեն Երևանի զարգացման, մշակութային, ճարտարապետական, սոցիալական ծրագիր: Այս մասին Tert.am –ի հետ զրուցում ասաց «Պահպանվում է երևանցու կողմից» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Վիկտոր Մնացականյանը:
«Պետք է բարձրաձայնեն քաղաքի նոր գլխավոր հատակագծի անհրաժեշտության մասին, ընդհանրապես քաղաքային կառավարման մոդել պետք է ներկայացվի. մեկը պետք է մշակութային ծրագրեր ներկայացնի, մյուսը` քաղաքում զբոսաշրջության զարգացման, մյուսը՝ ճարտարապետական դիմագծի պահպանման, մյուսը ՝ներդրումների, մյուսը՝ տրանսպորտի կարգավորման մասին »,-շեշտեց նա:
Վիկտոր Մնացականյանի խոսքով ՝ շատ կարևոր է, որպեսզի ավագանու անդամները ակտիվորեն բարձրաձայնեն մայրաքաղաքում առկա խնդիրների մասին ՝ ճարտարապետական դեմքի աղավաղումից մինչև աղբահանության, կանաչապատման խնդիր։
«Ավագանին շատ պասիվ է, ամենավատն այն է, որ այն անձիք, ովքեր աչքի չեն ընկել իրենց աշխատանքով, փորձում են ընտրվել, 65 ավագանու անդամ ունեք, բացի հատուկենտ ավագանու անդամներից մենք չենք ֆիքսում ովքեր կան, ինչ ծրագրեր, նախագծեր են ներկայացրել։ Նախ պետք է հասկանանք՝ ինչո՞ւ 65, որևէ մեկը աշխատավարձ չի ստանում, օրինակ՝ Լոս Անջելեսում քաղաքային խորհրդի 15 անդամ կա, ովքեր նաև կարելի է ասել քաղաքապետի տեղակալի գործառույթ են կատարում»:
Վիկտոր Մնացականյանը կարծում է, որ թե ավագանու անդամները, և թե քաղաքապետը պարտավոր են ավելի շատ հաղորդակցվել քաղաքի, բնակիչների հետ, պետք է «զգան» քաղաքը, պետք խորհրդակցեն մայրաքաղաքին առնչվող յուրաքանչյուր ոլորտի բանիմաց, միջազգային փորձին տիրապետող անձանց հետ: Պետք է ուսումնասիրեն այն քաղաքների փորձը, որոնք դեպի ծով ելք չունեն, բնակչության թիվը մեկ միլիոնի է հասնում:
«Ես անկեղծ շատ կցանկանայի, անկախ նրանից՝ ով էլ լինի քաղաքապետ մի քիչ շատ Երևանում քայլեր, քաղաքապետի աշխատանքը միայն կաբինետում չէ, համաձայն եմ՝ այդ մարդիկ շատ գործ ունեն անելու, բայց հավատացեք միայն, օրինակ՝ Կասկադով քայլելիս ավելի շատ խնդիրներ կնկատի»,-ընդգծեց նա:
Մանրամասները՝տեսանյութում։










