Նազարբաևը հանձնարարել է ղազախական այբուբենի՝ լատինական գրի անցման գրաֆիկ կազմել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կառավարությանը հանձնարարել է ղազախական այբուբենի՝ լատինական գրի անցման գրաֆիկ կազմել, հայտնում է lenta.ru-ն:
Նա նշել է, որ մինչև 2017թ. ավարտը գիտնականների և հասարակական գործիչների հետ հանդիպումների շրջանակներում պետք է արդեն մշակված լինի նոր այբուբենի միասնական ստանդարտ և լատինական գրի անցման գրաֆիկը։
«2018թ.-ից արդեն պետք է սկսել նոր այբուբենի ուսուցման համար համապատասխան կադրերի պատրաստումը, ինչպես նաև նոր դասագրքերի պատրաստման գործընթացը: Առաջիկա երկու տարում պետք է զբաղվել կազմակերպչական աշխատանքներով», - ասել է Ղազախստանի նախագահը:
Ըստ նրա՝ համապատասխան մարմինները պետք է առանց ժամանակ կորցնելու ստանձնեն այդ գործն արդեն այս տարվանից:
Նշենք, որ ղազախական այբուբենի՝ լատինական գրի անցման մասին Նազարբաևն առաջին անգամ խոսել է դեռևս 2012թ.-ին: Այն ժամանակ նա նշել էր, որ դա կնպաստի լեզվի զարգացմանն ու կդարձնի ղազախերենը ժամանակակից ինֆորմացիայի լեզու:










