Մենք չենք կարող գոյատևել առանց ռուսական շուկայի. թուրք առևտրականները խուճապի մեջ են

14:25 • 12.04.17

Թուրք ֆերմերները խուճապի մեջ են Ռուսաստանի կողմից շարունակվող տնտեսական սահմանափակուների պատճառով, գրում է Boomberg-ը: 

Թուրքական միրգ-բանջարեղենի ներկրման արգելքը մեծ վնասներ է պատճառել թուրք արտադրողին, որը հայտնվել է լուրջ խնդրի առաջ:

«Մենք չենք կարող գոյատևել առանց ռուսական շուկայի: Մեր կորուստները երբևէ այսքան մեծ չեն եղել»- ասել է Թուրքիայի Մերսին քաղաքի գյուղատնտեսական ապրանքների առևտրականների ասոցիացիայի նախագահ Մունիր Սենը:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի հանդեպ կիրառված տնտեսական պատժամիջոցների մասնակի վերացումը բավարար չէ առկա բոլոր խնդիրները վերացնելու համար:

Զեյբեկչին մանրամասնել էր, որ մինչճգնաժամային շրջանում թուրքական միրգ-բանջարեղենի մի շարք տեսակների արտահանումը ՌԴ դեռևս շարունակում է արգելված մնալ, այդպես անցյալ տարի Թուրքիան կորցրել է 450 մլն դոլարի միրգ-բանջարեղեն Ռուսաստան արտահանելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն 2016-ի ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։