Մեքսիկայում անհայտ անձինք 3 հոգու են գցել ինքնաթիռից (լուսանկարներ)

09:59 • 13.04.17

Մեքսիկայի հյուսիսային Սինալոա նահանգի հիվանդանոցներից մեկի տանիքին տղամարդու դի է հայտնաբերվել, որը, ըստ ականատեսների, նետվել է ինքնաթիռից:

Ինչպես նշում է Reuters-ը, միջադեպը տեղի է ունեցել Էլդորադո քաղաքում: Ականատեսների պատմելով՝ օդանավը ցածր բարձրության վրա անցել է հիվանդանոցի վրայով, ինչի ընթացքում տղամարդը դուրս է նետվել:

Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի ուշ Էլդորադոյի տարբեր հատվածներում ևս 2 դի է հայտնաբերվել: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ մարմինները դուրս են նետվել նույն ինքնաթիռից:

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք տղամարդիկ մահացած են եղել նախքան օդանավից գցվելը:

Reuters-ը հավելում է, որ Սինալոա նահանգը հայտնի նարկոբարոն Խոակին Գուսմանի ծննդավայրն է, որտեղ հզոր նարկոկարտելներն անդադար պայքարում են գերիշխող դիրք ստանալու համար: