«Իգլա»-ի գործով կալանավորված Սանասար Գաբրիելյանի վերաբերյալ եզրակացություններ են կազմվել, որոնք հօգուտ նրա են. պաշտպան
Մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված Սանասար Գաբրիելյանի վերաբերյալ փորձաքննությունների եզրակացություններ են կազմվել, որոնք հօգուտ Գաբրիելյանի են:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սանասար Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը:
«Որպես այդպիսին քննչական գործողություններ չեն կատարվել, սակայն փորձաքննությունների եզրակացությունների հետ է ծանոթացվել, որոնք հօգուտ իմ պաշտպանյալի են»,-ասաց պաշտպանը:
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ Սանասար Գաբրիելյանի մեղադրանքը հիմնավորող որևէ լրացուցիչ ապացույց չի ներկայացվել:
Ինչ վերաբերում է իր պաշտպանյալի դեմ ցուցմունք տալուն, փաստաբանն ասաց, որ նման բան տեղի չի ունեցել, հակառակ դեպքում առերես հարցաքննություն պիտի տեղի ունենար:
Անդրադառնալով առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման դեմ վերաքննիչ բողոքի քննությանը, որը պաշտպանը ներկայացրել էր որոշ ժամանակ առաջ, Աղաջանյանն ասաց, որ բողոքի քննության օրը դեռ պարզ չէ:
Հիշեցնենք, որ Սանասար Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:










