Էրդողանը հանրաքվեում տարած հաղթանակն անվանել է «հաղթանակ խաչակիրների դեմ»

09:51 • 18.04.17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում տարած հաղթանակն անվանել է «հաղթանակ խաչակիրների դեմ»:

Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, Էրդողանը շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին և հայտնել, որ «իրենց շնորհիվ Թուրքիան կարողացավ հաղթել մինչ օրս խաչակրի հոգեբանությամբ ապրող արտաքին և ներքին թշնամիներին»:

«Մենք կարող ենք խոնարհվել միայն մեր սուրբ նախնիների առաջ, ուրիշ ոչ ոքի», - ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով: Վերջնական արդյունքները կամփոփվեն 11-12 օրից՝ բողոքարկումները դիտարկելուց հետո: 

Փոփոխությունների այս ծրագիրը ենթադրում է, որ նախագահը դառնում է պետական համակարգի ղեկավար և նրան են պատկանում փոխնախագահների, նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների նշանակման լիազորությունները: Նախարարությունների ստեղծման, լիազորությունների, պարտավորությունների և կառուցվածքի մասին որոշումները կկայացվեն նախագահի հրամանների համաձայն:

Էրդողանը հանրաքվեում տարած հաղթանակն անվանել է «հաղթանակ խաչակիրների դեմ»