Արցախում հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել

19:00 • 18.04.17

Արցախում հակառակորդի կրակոցից երեկ գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել ժամկետային զինծառայող Թաթուլ Հարությունյանը. այս մասին Tert.am-ին ասաց Դիլիջանի տարածքային զինկոմի տեղակալ փոխգնդապետ Օրդինյանը:

«Մենք տեղեկություն ենք ստացել, որ հրազենային  վնասվածք ունի, տեղափոխել են Ղարաբաղ Ստեփանակերտի հոսպիտալ»,-ասաց փոխգնդապետը:

Փոխգնդապետ Օրդինյանն ասաց, որ չի կարող ասել՝ զինվորի կյանքին վտանգ սպառնո՞ւմ է թե ոչ. «Մեզ միայն տեղեկացրել են, որ վիրավորվել է և վիճակը ծանր է»,-ասաց նա և նշեց, որ եթե անհրաժեշտություն լինի, պետք է տեղափոխեն Երևան: 

Tert.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին նաև Ստեփանակերտի հոսպիտալից, նշելով, որ զինվորը տեղափոխվել է իրենց մոտ, սակայն հրաժարվեցին նրա առողջական վիճակի մասին մանրամասներ հայտնել:

Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հրաժարվեց Tert.am-ին որևէ տեղեկություն հայտնել՝ խորհուրդ տալով հետևել իրենց կայքի տեղեկատվությանը: Իսկ մինչ 19:00-ն Արցախի ՊԲ կայքում զինվորի վիրավորման մասին որևէ տեղեկություն գրված չէր: