Մոսկվան խնդիր չի տեսնում Աբխազիայով Հայաստան բեռների տարանցման վերսկսման հարցում. Լավրով

17:12 • 19.04.17

Ռուսական կողմը չունի ոչ մի խնդիր առ այն, որ վերականգնվի Աբխազիայով Հայաստան բեռների տարանցումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Աբխազիայի նախագահի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը հետաքրքրված է Աբխազիայով Հայաստան և Վրաստան բեռների տարանցմամբ, հայտնում է «Sputnik-Աբխազիա»-ն:


Լավրովի խոսքով՝ կա անգամ իրավական հիմք, որ դա տեղի ունենա: Դա 2011 թվականին Ռուսաստանի Դաշնության և Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև ձեռք բերված պայմանավորվածություններն են:


«Մենք գիտենք, որ մեր հայ գործընկերները հետաքրքրված են տարանցման վերականգնման հարցում: Այսօր Աբխազիայի նախագահն ասել է, որ դրա դեմ առարկություն չունի: Այդ պատճառով դա արդեն կախված է ոչ թե մեզանից, այլ այն երկրներից, ուր այդ տարանցումը կարող է հետևել»,- հավելել է նախարարը:


Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան, իր հերթին, նշել է, որ աբխազական կողմը պատրաստ է, և երթուղու բացումը դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության համար:


«Դա հնարավորություն է ունենալ լրացուցիչ միջոցներ Աբխազիայի բյուջեում: Եթե վրացական կողմը պատրաստ լինի այդ հարցին, ես չեմ կասկածում, որ գործընթացը կարող է լուծվել»,- ասել է նա:


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Աբխազիա է ժամանել ապրիլի 18-ին՝ երկօրյա այցով:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Լավրովի Սուխում այցը գնահատել է որպես «Վրաստանի ինքնիշխանության խախտում»: Պաշտոնական հայտարարությունում Վրաստանի արտգործնախարարությունը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել սադրիչ գործողությունների պրակտիկան և հարգել ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությունը: