Ինչ են անելու Թուրքիայի իշխանությունները քրդական հարցի ու իրենց դեմ դուրս եկած մեծ քաղաքների հետ այսուհետ. «Հյուրրիյեթ»

11:47 • 19.04.17

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կանգնած է պատմական ընտրության առաջ, գրում է թուրքական «Հյուրրիյեթ»-ը:

Ըստ պարբերականի սյունակագիր Աբդուլքադիր Սելվիի` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում հաղթած, բայց մեծ քաղաքներում լուրջ հակազդեցության արժանացած իշխանությունները կանգնած են բեկումնային կետի առաջ:

Նշենք, որ կառավարման նախագահական համակարգին կողմ են արտահայտվել երկրի հիմնականում կենտրոնական նահանգներում: Իշխանությունների առաջարկած սահմանադրական փոփոխությունները խիստ հակազդեցության են արժանացել Թուրքիայի խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Մուղլայում, Անթալիայում և այլուր: 

«Նախկին նախագահներից լուսահոգի Թուրգութ Օզալի անկումը սկսվեց հենց մեծ քաղաքների կորստից: Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունը կանգնած է լուրջ խնդրի առաջ, նրանք պետք է պատմական որոշում կայացնեն: Կանխատեսվում է, որ նրանք այսուհետ կորդեգրեն այլ հռետորաբանություն և քաղաքականություն», - գրում է սյունակագիրը:

Նա նաև նկատում է, որ ըստ հարցումների՝ քրդերի աջակցությունն իշխանություններին այս հանրաքվեում աճել է 10 տոկոսով, և դա նույնպես պատմական փոփոխությունների անհրաժեշտություն է ծնում ներքաղաքականության առումով:

«Իսկ հիմա ի՞նչ է լինելու հակաքրդական քաղաքականությունը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կգնանք խաղաղ հանգուցալուծման ճանապարհո՞վ, թե՞ ավելի կսաստկացնենք առկա ճնշումները», - գրում է Սելվին:

Հիշեցնենք, որ նախնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով: Վերջնական արդյունքները կամփոփվեն 11-12 օրից՝ բողոքարկումները դիտարկելուց հետո: