Երևանում վաղվանից շուրջ 460 ենթաշտաբ կգործի, մեր քարոզչական թիմը պատրաստ է, գնալու ենք «Հանուն Երևանի» կարգախոսով. Էդուարդ Շարմազանով

21:42 • 20.04.17

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստում քննարկվել և ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև խոսվել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության մեկնարկի մասին. այս մասին քիչ առաջ հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Վաղն արդեն պաշտոնական քարոզչության առաջին օրն է: Նախընտրական ծրագիրը՝ «Հանուն Երևանի» կարգախոսով է»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք քարոզարշավն սկսելու են աշխատանքային ժամից՝ 18: 00-ից հետո: Ըստ նրա՝ իրենց կուսակցության ավագանու թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կսկսեն քարոզչությունը Էրեբունու վարչական շրջանից և, բացառությամբ ապրիլի 24-ի, մնացած օրերին ակտիվ քարոզչություն կիրականացնեն:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իրենք նախընտրել են ուղղակի բակային հանդիպումների ձևով քարոզչությունը և յուրաքանչյուր քարոզչական հանդիպման ընթացքում հանդիպելու են 6 բակերի բնակիչների հետ: Ներկայացվելու են ՀՀԿ-ի իրականացրած ծրագրերը, ինչպես  նաև նոր ռազմավարությունը:

«Տեղեկացնեմ, որ շուրջ 460 ենթաշտաբ կգործի: Մեր քարոզչական թիմը պատրաստ է: Մենք գնալու ենք «Հանուն Երևանի» կարգախոսով: Մենք չենք պատրաստվում որևէ մեկի հետ ոչ լեզվակռվի, ոչ էլ այլ քաղաքական պայքարի մեջ մտնել: Մենք քաղաքակիրթ պայքարի կողմնակից ենք, ողջունում ենք երկու այլ քաղաքական դերակատարներին՝ և՛ «Ելք» դաշինքին, և՛ «Երկիր ծիրանի»-ին, նրանց քաղաքական դերակատարությանը, հատկապես, որ վերջինի համար սա քաղաքական դեբյուտ է»,- ասաց նա: