Աջափնյակում խոչընդոտել են «Ելքի» հանրահավաքը, դիմել ենք ոստիկանություն. Ալեն Սիմոնյան

19:02 • 23.04.17

Երևանի ավագանու ընտրությունների շրջանակներում « Ելք» դաշինքի անդամների քարոզչությունն Աջափնյակում խոչընդոտել են: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ելք»-ի անդամ Ալեն Սիմոնյանը:

«Խնդիրը հնարած էր: Մենք բակերում քարոզչություն էինք իրականացնում, մի քաղաքացի եկավ և ասաց, որ մեքենայով չի կարող անցնել, բայց դա այդպես չէր: Մենք բակերում կանգնում ենք ընդամենը երկու րոպե: Նա կանգնեց, սկսեց ազդանշաններ տալ, երբ հարցրեցինք, թե ինչ-որ բան է եղել, մեքենայից դուրս եկավ ու սկսեց վեճ փնտրել. մեր թաղն է, մենք չեն կարողանում անցնել և այլն: Ասացինք՝ ուզում ես անցնել՝ անցի, հակադարձեց, թե մեքենաս փչացել է: Ասացինք՝ կարող ենք հրել»,-պատմեց Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է խոսել միայն իր հետ, սակայն այդ ընթացքում նույն անձը բոլորին հակադարձել է, փորձել է բղավել, հետո նրան այլ անձինք են միացել:

«Բնակիչներն ասացին, որ այդ երիտասարդն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանի վստահված անձն է: Մենք որոշեցինք ոչինչ չանել, սակայն շարունակում էր նույն վարքը դրսևորել, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը զանգահարեց ոստիկանություն»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Հարցին,թե Նիկոլ Փաշինյանը հաղորդում է տվել այն մասին, որ խոչընդոտո՞ւմ են քարոզչության իրականացմանը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ինչո՞ւ միայն  խոչընդոտում, խուլիգանություն էր անում: Ով մի հայտ նայում էր իրեն կամ ներկա էր, վրա էր տալիս»:

 

Աջափնյակում խոչընդոտել են «Ելքի» հանրահավաքը, դիմել ենք ոստիկանություն. Ալեն Սիմոնյան