Որպես ստեղծված աննախադեպ իրավիճակի հանգուցալուծում՝ Ագրամունտը պետք է հրաժարական տա. Ս. Ֆարմանյանը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)

18:17 • 24.04.17

ԵԽԽՎ հերթական նստաշրջանը Ստրասբուրգում ընթանում է աննախադեպ քաղաքական ճգնաժամի պայմաններում։ Վեհաժողովում ներկայացված բոլոր քաղաքական խմբերը համակարծիք են, որ մեր վաղեմի «բարեկամ», ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը կորցրել է իր վստահությունը վեհաժողովականների շրջանում։ 

Այս մասին գրել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը Facebook կայքի իր էջում։

«Որպես ստեղծված աննախադեպ իրավիճակի քաղաքական հանգուցալուծում՝ Պեդրո Ագրամունտը պետք է հրաժարական տա։ Այդ մասին էր նաև վարման կարգով իմ արտահայտած տեսակետը։ Հուսով եմ՝ այն տեղի կունենա հենց այս նստաշրջանի ընթացքում, մինչև շաբաթավերջ։

Հ.Գ. 1. Զուգահեռ, հասունանում է անչափ կարևոր մեկ այլ որոշում. կստեղծվի 3 անդամից բաղկացած միջազգային հեղինակավոր անկախ արտաքին հետաքննող հանձնաժողով՝ վեհաժողովին եզրակացություն ներկայացնելու ԵԽԽՎ-ում տեղ գտած կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ։

Հ.Գ. 2. Ականջդ կանչի Պեդրո Ագրամունտ, Ռոբերտ Ուոլտեր, Միլիցա Մարկովիչ և ընկերներ։ Խավիարը, պարզվեց, դժվարամարս բան է...»,-գրել է նա։